«Մենք մի տարի առաջ նորմալ Ռուսաստանի հետ էինք բանակցում, այսօր նա սանկցիաների տակ գտնվող մեկուսացած պետություն է»,-ասել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը այսօր տեղի ունեցած ասուլիսում: Նախկին արտգործնախարարի տպավորությամբ՝ Հայաստանը շարժվում է «Ընկերովի մահը հարսանիք է» ասացվածքով: Անդրադառնալով ՀՀ-ԼՂ սահմանին հնարավոր մաքսակետի տեղադրմանը, Արզումանյանը նշել է, որ նույն տրամաբանությամբ մաքսակետ պետք է տեղադրվի նաև Ղրիմի համար, քանի որ Ղրիմը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, այն անգամ չեն ճանաչել ՄՄ անդամ երկրները: Ըստ Արզումանյանի՝ Հայաստանը կարող է օգտագործել այս հանգամանքը հօգուտ Ղարաբաղի: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը, Արզումանյանի կարծիքով՝ ԵՏՄ-ն չի կայանալու, այն մնալու է «թղթի վրա»:
ԱԺ պատգամավորն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթին և ասել, որ մի «թերություն» կար. «Շատ քիչ խոսվեց ընդհանուր ՄԱԿ-ի դերի բարձրացման մասով», բայց «նաև պետք է հասկանալ, որ ժամկետային սահմանափակումներ կան»: Սարգսյանը չի անդրադարձել նաև երկրի ներքին խնդիրներին, սակայն Արզումանյանի կարծիքով. «ՄԱԿ-ի ամբիոնը եկեղեցի չէ, և գլխավոր քարտուղարն էլ խոստովանահայր չէ, գնաս խոստովանես քո մեղքերը: Դու պետք է գնաս և փորձես քո երկրի շահը առաջ քաշես: Ընդհանուր կոնտեքստի մեջ գնահատականս դրական է»: ՀՀ նախկին արտգործնախարարը նշել է, որ Թուրքիային ուղղված՝ «գրողի ծոցին վավերացնեք» արտահայտությունը հայհոյանք չէր, այլ ընդամենն արտահայտվելու ձև: Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ վերանշանակվելուն, պատգամավորն այն գնահատել է որպես ապտակ՝ ուղղված հասարակությանը: